ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ես ենթարկվում եմ օրենքին, իսկ օրենքն ինձ թույլ է տվել աշխատել»

«Ես ենթարկվում եմ օրենքին, իսկ օրենքն ինձ թույլ է տվել աշխատել»
18.06.2019 | 00:18

Վերջին շրջանում, մասնավորապես Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո, քաղաքում օր օրի կրկնապատկվող շարժական սրճարանների շուրջ աղմուկը չի դադարում։ «Իրատեսի» մշտական ընթերցողը նկատած կլինի, որ այս խնդրին ես անդրադարձել եմ նաև ամիսներ առաջ և, որպես կոնկրետ օրինակ, բերել էի շարժական սրճարաններից մեկի տիրոջ՝ ՏԻԳՐԱՆ ԶԱԼԻՆՅԱՆԻ օրինակը։


Զալինյանն այդ ժամանակ ինձ հետ զրույցում նշեց, որ իր ու իր ընկերների առաջ քաղաքապետարանն արհեստական խնդիրներ է դնում, նույնիսկ՝ հոսանքից են զրկում։
Օրերս կրկին առիթ ունեցա զրուցելու Տիգրանի հետ, որը հիմա էլ շատ բողոքներ ունի և պնդում է, որ իր առաջ ծառացած խնդիրները չեն վերացել։
«Օրեր առաջ պատահաբար հանդիպեցի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին։ Խնդրեցի բացատրել այս ամենը, բայց նա, ինձ նորմալ պատասխանելու փոխարեն, անհարգալից տոնով ասաց, որ կոնկրետ ես չեմ աշխատելու։ Այս վերաբերմունքը ես արդեն համարում եմ կողմնակալ վերաբերմունք և ակնկալում եմ հստակ բացատրություններ, որը ցայսօր չի տրվում։ Բացի այդ, նա ինձ հետ զրույցում ասաց, որ մենք բոլորս ապօրինի ենք անում ամեն ինչ և, որ ես անօրինական աշխատող եմ։ Հուսով եմ՝ պարզ է, թե այս խոսքերն ինչ հետևանքներ կարող են ունենալ, եթե նա չապացուցի դրանք։ Ես 2017 թվականից կադաստրում գրանցված եմ, բոլոր փաստաթղթերն ունեմ, ՀԴՄ կտրոն եմ տրամադրում, չեմ հասկանում՝ ինչն է այստեղ ապօրինի»- ինձ հետ զրույցում պատմեց Տիգրանը։


Զրույցի ժամանակ նա պատմեց նաև, որ Վիկտոր Մնացականյանը հայտնել է, թե՝ առաջիկայում շարժական սրճարանների տեղերի բաշխման մրցույթ է լինելու, որի ընթացքում Կենտրոնի տարբեր կետերում առևտրի իրավունք կստանա մոտ 25 սրճարանատեր։
«Բայց գրեթե բոլորը դեմ են այս մրցույթ կոչվածին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանը, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը նորից առաջնային է լինելու»,- շարունակեց Տիգրան Զալինյանը։


Իմ հարցին՝ արդյո՞ք Կենտրոնի ղեկավարն այս հարցում նաև անձնական դիրքորոշում ունի, Զալինյանը պատասխանեց. «Ինչպես տեսնում եմ՝ այո։ Նա ֆիքսվել է իմ սրճարան-մեքենայի վրա, այս էլ որերորդ անգամ սրճարանը փնթի է անվանում՝ պատճառաբանելով մեծ չափերը, բայց, ըստ տվյալ ոլորտի օրենքի, այն սահմանված չափերը չի խախտում և հակաէսթետիկ տեսք չունի։ Ավելին՝ այն զբոսաշրջիկների համար շատ գրավիչ է, ինձ մոտ 1500 զբոսաշրջիկի լուսանկար կա, որոնք սիրով լուսանկարվել են իմ սրճարանի «հետ». հիմա ո՞վ է տգեղ, փնթի բանի հետ նկարվում, մեկը, երկուսը գուցե, բայց ո՛չ 1500-ը։ Այդ լուսանկարներն արվել են ընդամենը ինն ամսվա ընթացքում»։
Տիգրան Զալինյանը պատրաստվում է իր սրճարանը Փարպեցի փողոցից տեղափոխելու Թումանյան փողոց, ու ես հետաքրքրվեցի՝ այդ գործողություններին ինչով է խոչընդոտում քաղաքապետարանը։


«Արհեստական պատճառներ է հորինում, փորձում է ապացուցել, որ դա կխանգարի փողոցի երթևեկությանը, կփակի մարդկանց ճանապարհը, բայց ես արդեն հարցում եմ արել ճանապարհային ոստիկանությանը, երթևեկության մասով խնդիր չկա։ Զրուցել եմ նաև մարդու իրավունքների պաշտպանի հետ, հետաքրքրվել՝ արդյո՞ք սրճարանի տեղադրումը կարող է մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտ հանդիսանալ։ Պաշտպանն ինձ պատասխանել է, որ եթե ՃՈ-ն թույլ է տվել, և այն մայթի վրա չի գտնվում, չի փակում ճանապարհամերձ օբյեկտների մուտքերը, չի խաթարում բնակարանների լուսավորությունը, աղմուկ չի ստեղծում, ապա խնդիր լինել չի կարող։ Իսկ իմ սրճարանը նշված կետերից որևէ մեկը չի խախտում, ամեն ինչ նորմայի մեջ է,- պատասխանեց Տիգրանը, մրցույթի մասին առավել մանրամասն խոսելով, ասաց.- յուրաքանչյուրին էլ պարզ է, որ դա մոնոպոլիա է, որովհետև ով շատ գումար ունի, կարող է միանգամից մի քանի տարածք գնել, այսինքն, մի քանի հոգով կարող են ամբողջ դաշտն իրենցով անել, իսկ նրանք, ովքեր մեկի ծախսերը փակելու հնարավորություն ունեն միայն, ի՞նչ է, չաշխատե՞ն։ Կամ ինչպես կբացատրեն այն, որ այս պահին շարժական սրճարանների մի մասը հոսանք չունի, մի մասն ունի։ Կպնդեն, որ սա՞ էլ մոնոպոլիա չէ։ Ես ներքին կարգով կարողացել եմ ճշտել, որ հոսանք ունեցողները, այսպես ասած, «դաբրո ունեն»։ Այսինքն, նորից հե՞տ ենք գնում։

Բացի այդ, շրջիկներին հրահանգված է մեզ ամեն գնով հրահրել, որ հունից դուրս գանք, և դա էլ օգտագործեն մեր դեմ։ Ամեն դեպքում, ինչ ուզում են ասեն, ես ենթարկվում եմ օրենքին, իսկ օրենքն ինձ թույլ է տվել աշխատել։ Ես պայքարելու եմ, որ կարողանամ աշխատել»։

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 20845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ